«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, որը մասնակցել է մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 հայ զինծառայողի, նրանց հանել է շրջափակումից։
Ըստ Արցախի Պաշտպանության բանակի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել նաև մայոր Հովհաննես Այվազյանը, որը հակառակորդի 3 տանկ է խոցել:
«Մարտական խաչի» ասպետության 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել փոխգնդապետ Արման Կոստանյանը, որը, չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, հետ է մղել հակառակորդի բազմաթիվ գրոհները, պատճառել է կորուստներ և ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը։
Նույն կարգի շքանշանի է ներկայացվել նաև փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու մեծաթիվ կորուստներ պատճառելով թշնամական զորքերին:






