AM
9 Հոկտեմբեր 2020 - 05:58 AMT

Զախարովա․ Ոչ մի ագրեսիվ հայտարարություն չի նպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը

Ագրեսիվ հռետորաբանությունը չի նպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ հարկավոր է լարվածության մեղմմանն ուղղված կոնկրետ գործողություններ ձեռնարկել։

«Ոչ մի ագրեսիվ հայտարարություն երբեք չի հանգեցնի անհրաժեշտ արդյունքի, եթե մենք իրոք անկեղծ ուզում ենք լարվածության թուլացման հասնել Լեռնային Ղարաբաղում։ Եթե ագրեսիվ հայտարարություններով հնարավոր լիներ լուծել այս հարցը, շատ ավելի հեշտ կլիներ և ոչ մի խնդիր չէր առաջանա։ Բայց դրանք ոչ միայն չեն նպաստում նպատակին հասնելուն, այլև կարող են էլ ավելի վատթարացնել իրավիճակը»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են ՌԴ՝ այդ հարցով խորհրդակցությունների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։