Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը, հայտարարել են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից:
ԱԳՆ-ից նշել են, թե Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և այն, որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են։
«Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ»,-ասված է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ից նշել են, որ Արցախի քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ: Ըստ Արցախի ԱԳՆ-ի՝ «Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու նաև բարոյական իրավունքը»:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






