AM
10 Հոկտեմբեր 2020 - 07:01 AMT

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է

Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 10-ին կրկին հրթիռակոծել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը: Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան», – գրել է Արտակ Բեգլարյանը:

Իր հերթին, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է` ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։

«Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն», – նշել է նա։

ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։