Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները, միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը, հայտարարել է պաշտպանության նախարարույթան խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է»,- ասել է նա։
Հոկտեմբերի 10-ին՝ 12։05-ից սկսած Ադրբեջանն անտեսել է մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ու հարձակվել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
Ավելի վաղ՝ ժամը 12։00-ին, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել։
Կեսգիշերն անց ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






