ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռոհանին աջակցություն է հայտնել հրադադարի մասին ձերք բերված պայմանավորվածությանը և շուտափույթ խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով սուբստանտիվ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնությանը։
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






