Գերմանիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները և կոչ անում պահպանել հրադադարի ռեժիմը, հայտնում են այդ երկրի արտաքին գործերի նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ու կողմերին կոչ է անում հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից»,-նշել են Գերմանիայի ԱԳՆ-ից։
Բեռլինը ողջունել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առարկայական բանակցություններ սկսելու երկու երկրի պատրաստակամությունը:
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






