AM
11 Հոկտեմբեր 2020 - 05:37 AMT

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը $1 մլն է հատկացնում Արցախին

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար, որը պետք է ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։

«Իրավիճակի հրատապությունը մարդկային հասկացողությունից վեր է, ինչը գուժում է վերահաս մարդկային մի ծանրակշիռ աղետ։ Հայաստանի ու Արցախի գոյատևման պայքարի գիտակցումով՝ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1,000,000) է հատկացրել Արցախին, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավետարանչականը շարունակելու է իր հանգանակությունները՝ ապահովելու իր հսկայածավալ գործողությունների պարտավորությունները՝ «ի նպաստ իր ծրագրերին ու ծառայություններին Հայաստանում և Արցախում՝ 1988-ի երկրաշարժից ի վեր»։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։