AM
11 Հոկտեմբեր 2020 - 05:42 AMT

ՊԲ․ Գյաջնա թիրախավորելու ադրբեջանական կողմի պնդումները սուտ են

Ադրբեջանական կողմի պդնումները, թե հայկական ուժերը հոկտեմբերի լույս 11-ի գիշերը թիրախավորել են Գյանջան, բացարձակ սուտ են։ Այդ մասին հայտարարել է Պաշտպանության բանակը։

«Ադրբեջանական կողմը ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի այլ բնակավայրերը:

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։