AM
12 Հոկտեմբեր 2020 - 10:25 AMT

Լավրով․ ԼՂ-ում հրադադարի մասին պայմանավորվածությունը լիովին չի պահպանվում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Մոսկվայում, լիովին չի պահպանվում, մարտական գործողությունները շարունակվում են։

«Ձեր այցը բավականին վաղուց էր համաձայնեցված, սակայն, անշուշտ, տեղի է ունենում այն լուրջ ջանքերի ֆոնին, որոնց մասնակցում են միջազգայի հանրության շատ անդամներ՝ ջանքեր, որոնք ուղղված են լարվածության մեղմացմանը ղարաբաղյան հակամարտության գոտում»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հոկտեմբերի 9-ը և 10-ը, 10-ի առնվազն մի մասը, անցկացրել ենք այս շենքում մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ միասին, երբ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կրակի դադարեցման շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը դեռ լիովին չի կատարվում և մարտական գործողությունները շարունակվում են»,- ասել է նա։

Հոկտեմբերի 12-ին, ադրբեջանական զինուժն, անտեսելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, առաջնագծի տարբեր ուղղություններով կրկին անցել է նախահարձակ գործողությունների: Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:Ադրբեջանը, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք, իսկ Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն, ինչպես նաև 2 այլ քաղաքացիական անձի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։