AM
12 Հոկտեմբեր 2020 - 12:42 AMT

Պեսկով․ Չափազանց կարևոր է ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը

Կրեմլը խիստ կարևորում է Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի կողմերը լիարժեքորեն հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցներին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Պեսկովի՝ ՌԴ-ն բարձր է գնահատում հումանիտար դադարի մասին ձեռք բերված համաձայնությունը։

Նա նշել է, որ Կրեմլից ուշադիր հետևում են ԼՂ-ում իրավիճակին և տեսնում, որ կողմերը հայտնում են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը։

«Կարծում ենք, որ պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է` ռազմական գործողություններից լիովին հրաժարվելու և քաղաքական-դիվանագիտական մեթոդներով խնդրի կարգավորմանը հասնելու համար»,-ասել է նա։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն, ինչպես նաև 2 այլ քաղաքացիական անձի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։