Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և հոկտեմբերի 13-ի վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով, հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրեր, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները»,- հայտարարել է նա։
Պողոսյանը նշել է, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






