Հոկտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանը շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«ՄԻՊ աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները»,- գրել է նա։
Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 32 քաղաքացիական անձ:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






