Պաշտպանության բանակը հրապարակել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հերոսական դրվագներից մի քանիսը։
Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային-պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:
Ռաֆիկ Օրդոյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար:
Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հակառակորդ 4 ԱԹՍ շարքից հանելու համար:
Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






