AM
20 July 2002 - 15:19 AMT

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԻՆ` ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՄՆ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Ամերիկայի Հայկական համագումարը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին, որում կոչ է արել երկարացնել Արտոնությունների ընդհանուր համակարգը: Այդ ծրագիրը հնարավորություն է ընձեռնում Հայաստանից եւ 130 այլ զարգացող երկրներից առանց մաքսի արտադրանք ներմուծել ԱՄՆ: Հիշեցնենք, որ այդ ծրագրի ժամկետը լրացել է 2001 ֆինանսական տարվա հոկտեմբերին: Վերջին 9 ամիսների ընթացքում Կոնգրեսն այդպես էլ չի ընդունել ծրագիրը նորոգելու համար անհրաժեշտ օրենք: Արդյունքում բարձրացել են Հայաստանից եւ այլ երկրներից արտահանվող ապրանքների գները, ինչը հանգեցրել է ԱՄՆ շուկայում դրանց ոչ մրցունակ լինելուն` վնաս հասցնելով ինչպես հայ արտադրողներին, այնպես էլ ամերիկացի ներմուծողներին: Նամակում անհանգստություն է արտահայտված նաեւ այն կապակցությամբ, որ ծրագրի գործողության ընդմիջումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ առեւտրի ծավալների աճին: