Հայտնի օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան մասնակցել է Լյուքսեմբուրգում Եվրախորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հայերի ցույցին՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը։ Նա առաջին անգամ է մասնակցել փողոցային ակցիայի, քանի որ, որպես երգչուհի միշտ զգուշավոր է և վախենում է մրսել։
«Բայց սա այլ դեպք է։ Տղաները զոհվում են հանուն Հայրենիքի։ Մի՞ թե չենք սատարելու նրանց․․․ Սա սուրբ գործ է։ Իր կյանքը տված տղաներից յուրաքանչյուրը հարազատ է ինձ համար։ Սիրտս մղկտում է․․․»,- ասել է նա «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթին հարցազրույցում։
Մարիա Գուլեգինան (Մեյթարջյան) հայուհի է հայրական կողմից, ազգանունը։
Նա հավելել է, որ մասնակցում է հանրահավաքին ճշմարտությունը Եվրախորհրդարանին հասցնելու համար։
«Ես տեսնում և ցավագին եմ ընկալում անարդարությունը։ Իսկ Արցախն ինձ համար մաքուր, սուրբ պատմութուն է։ ԼՂԻՄ-ը հանրաքվե է անցկացրել 1987-ին և բնակչության գրեթե 90 տոկոսը կողմ է քվեարկել Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալուն։ 1988-ին ԽՍՀՄ-ն ընդունել է արդյունքներն ու դրական արձագանքել։ 1991-ին Ադրբեջանական ԽՍՀ-ն դուրս է եկել ԽՍՀՄ կազմից։ Վ՛երջ։ Այդ օրվանից, Ադրբեջանը, որն ինքը դուրս է եկել ԽՍՀՄ-ից այդ օրենքով, խախտում է միջազգայնորեն ճանաչված ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասել է նա։
Նա հավելել է, որ ճշմարտությունը պետք է հասցնել նաև նրանց, ում պարուրել են ատելությամբ և ստով։
Դիմելով հայ ժողովրդին՝ Գուլեգինան ասել է․ «Ինչպես հայրս էր կրկնում՝ «Մենք քիչ ենք, սակայն, մեզ հայ են ասում»։ Մեր ժողովուրդը խաղաղ և աշխատասեր ժողովուրդ է, և մեզ խաղաղություն է հարկավոր։ Թող այդպե՛ս լինի»,- ասել է նա։
Աշխարհահռչակ սոպրանոն 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կատարել է Կոմիտասի «Կռունկը». երգչուհին անձամբ էր ցանկություն հայտնել մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:






