Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մարտերը վնասում են քաղաքներն ու բնակավայրեր, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվում են և զոհվում։ Զինվորականությունը պետք է դադարեցնի բնակեցված տարածքների թիրախավորումը և հերթ տա հումանիտար օգնությունը:
Իսկ միջազգային դերակատարները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, պետք է դիտորդներ ուղարկեն և ավելի շատ ջանք գործադրեն կրակի դադարեցման համար:
Այս մասին հայտնում է Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group)՝ նշելով, որ զինվորականները պետք է դադարեցնեն բնակեցված տարածքների թիրախավորումը և ներս թողնեն հումանիտար օգնությունը։ Նշվում է, որ, իհարկե, այս քայլերն ինքնին չեն դադարեցնի պատերազմը, բայց կփրկեն բազմաթիվ մարդկային կյանքեր և կբարելավեն իրական խաղաղության հեռանկարները։
Ըստ կառույցի՝ արդեն շատերը մարդասիրական օգնության կարիք ունեն, սակայն շարունակվող համաճարակի և արագ սառչող եղանակի պայմաններում զանգվածային տեղաշարժը կարող է ծանր առողջապահական հետևանքներ թողնել։
Իսկ եթե մարտական գործողությունների աշխարհագրությունը ընդլայնվի, կորոնավիրուսի պատճառով փակված սահմանների պայմանում բազմաթիվ մարդիկ գնալու տեղ չեն ունենա։
«Հոկտեմբերի 10-ի հրադադարի տապալումը ցույց է տալիս, որ նույնիսկ Ռուսաստանն ունի միայն սահմանափակ լծակներ: Թուրքիան թեև դիվանագիտորեն և ռազմական օգնությամբ աջակցում է Ադրբեջանին, Բաքուն այնքան էլ կախված չէ Անկարայի աջակցությունից։ Եվրոպայի և Միացյալ Նահանգների ազդեցությունը նույնիսկ ավելի քիչ է»,- ասվում է հաղորդագրությունում։
Կազմակերպությունը նշում է՝ երկկողմ քաղաքացիական զոհեր կան։ Մասնավորապես՝ ադրբեջանական հրթիռային, հրետանային և անօդաչու սարքերի հարվածներից Ստեփանակերտում և այլ բնակավայրերում ավերակվել են տներ, դպրոցներ, կան նաև զեկույցներ, որ կիրառվում է նաև կասետային զինամթերք։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






