Հոկտեմբերի 17-ին Արցախի պաշտպանական բնագծի գրեթե ամբողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերն ադրբեջանական զինուժը դարձյալ տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել էր Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոց՝ զգալի վնաս հասցնելով մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարվածել: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։






