AM
20 Հոկտեմբեր 2020 - 08:52 AMT

Կոսաչով․ ՀՀ-ն պետք է պաշտոնապես դիմի ՌԴ-ին սիրիացի գրոհայինների ենթադրյալ մասնակցության հարցով

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ՌԴ կողմից հակաահաբեկչական գործողության անցկացման հավանականությանը, հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է պաշտոնապես դիմի ՌԴ-ին սիրիացի գրոհայինների ենթադրյալ մասնակցության կապակցությամբ, գրում է Lenta.ru-ն։

Ըստ Կոսաչովի՝ պետք է նաև գնահատվեն վտանգն ու բոլոր ռիսկերը, որ կառաջանան նման գործողության դեպքում։ Կոսաչովը հավելել է, որ դեռևս վաղաժամ է որևէ կանխատեսում անել Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ակնհայտ է, որ պարտված ահաբեկչական խմբավորումներից անհատներ կամ խմբեր Լեռնային Ղարաբաղից պարզապես տեղափոխվում են Ռուսաստան, քանի որ ՌԴ-ն ընկալում են որպես թշնամի՝ այնպես, ինչպես ԼՂ-ն կամ Հայաստանը։ Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է, կարծում եմ, որ Ռուսաստանն ունի լեգիտիմ իրավունք և հիմքեր՝ արձագանքելու այս իրավիճակին»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։