AM
20 Հոկտեմբեր 2020 - 11:01 AMT

Իսրայելում հայերը կառավարությունից պահանջել են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

Իսրայելում տեղաբնակ հայերը պահանջել են կառավարությունից դադարեցնել զենքի տրամադրումն Ադրբեջանին։ «Կա՛նգ առ Իսրայել», «Կա՛նգ առ Թուրքիա», «Կա՛նգ առ Ադրբեջան», «Սթափվե՛ք». այսպիսի կոչեր են հնչեցրել ցույցի մասնակիցները, գրում է «Առավոտը»։

Ցուցարարները պահանջել են վերջ դնել Ադրբեջանի հետ մահացու գործարքին և այդ երկրին զենք չմատակարարել, քանի որ այն կիրառվում է Արցախում և Հայաստանում՝ նաև քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ, ինչն անհանդուրժելի է:

Ավելի վաղ գրավոր դիմում էր ներկայացվել Իսրայելի Գլխավոր դատարան՝ Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով: Դիմումը մերժվել էր, նշվել, թե չկան բավարար ապացույցներ՝ հիմնավորելու պնդումները, որ այդ զենքն օգտագործվել է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ :

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։