Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Շարունակվում է աշխատանքը մարտական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու ուղղությամբ։ Ավելին ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականում նախապատրաստվում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների այցը Ռուսաստան՝ փոխզիջում գտնելու նպատակով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ ունենալու և բանակցելու։ Անձամբ Մոսկվա գնալու և կարգավորման ճանապարհներ գտնելու համար հանդիպումներ ունենալու պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։






