ՀՀ և Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանը և Էմանուել Մակրոնը, Ելիսեյան պալատում քննարկելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:
Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Նրանք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման գործում և կարևորել Մինսկի խմբի համանախագահությամբ հնարավորինս շուտ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները նաև ուրախությամբ փաստել են, որ երկու ժողովրդի բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով:
Արմեն Սարգսյանը Փարիզ է մեկնել Բրյուսելից, որտեղ հանդիպումներ էր ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






