AM
27 Հոկտեմբեր 2020 - 07:50 AMT

ՊԲ նորանշանակ հրամանատարը խոստացել է անել հնարավորը՝ ակնկալիքներն արդարացնելու համար

Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը խոստացել է անել հնարավորը՝ ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:

Նորանշանակ հրամանատարը շնորհակալություն է հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին բարձր վստահության համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից, քանի որ օրերս մարտական դիրքում վիրավորում է ստացել:

Մեկ այլ հրամանագրով Արզումանյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։