Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը դիվերսիոն հարձակումներ են եղել Շուշիին մոտ՝ Քարին տակից դեպի արևելք գտնվող հարակից 1-2 գյուղի ուղղությամբ, որտեղից հայկական ուժերի գործողությունների արդյունքում ադրբեջանական դիվերսանտները մաքրվել են։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆակտորին» տված հարցազրույցում։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ի երեկոյան իր տեսաուղերձում հայտարարել էր, որ թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա է։ Նա ասել էր, որ պետք է բեկում մտցնել ճակատում ու պատժել թշնամուն Շուշիի դարպասին։
«Մեր հետախուզական ստորաբաժանումները հայտնաբերել էին զինամթերքի բավականին մեծ պահեստանոց, որը փորձել էին կառուցել դիվերսանտները։ Մեր հրետանին այն ոչնչացրել է։ Կրակը տեսանելի է եղել նույնիսկ Ստեփանակերտից»,- ասել է նա։
Հովհաննիսյանը հավելել է նաև, որ հոկտեմբերի 30-ի դրությամբ կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում։
Նա նշել է, որ նախորդ օրերի համեմատ մարտերի ինտենսիվությունը մի փոքր բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքսից հյուսիս ընկնող հատվածում։ «Բայց ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ»,-ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






