Պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պետական պաշտոնյաների նկատմամաբ աշխատանքից ազատելու որոշում կկայացվի, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ կլինեն, հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա արձագանքել է հանրային հարթակներում պաշտոնյաների՝ Արցախը լքելու մասին քննարկումներին:
«Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար»,-հայտարարել է նա։
Արցախի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր «գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը»:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






