AM
3 Նոյեմբեր 2020 - 12:58 AMT

ՊՆ․ Հայկական ստորաբաժանումների ուղղությամբ հրետանի է կիրառվել, մի քանի արկ Իրանում է ընկել

Նոյեմբերի 3-ին ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածքում, հայտարարել է պաշտպաության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ Իրանը պաշտոնական մակարդակով հայտնել էր, որ պատասխանելու է իր տարածքի ուղղությամբ ցանկացած գործողության՝ եթե անգամ դա դիտավորյալ չի արվել։

Իրանը նաև դիվանագիտական քայլեր է նախաձեռնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, այդ նպատակով երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում, Ադրբեջանում, ՌԴ-ում ու Թուրքիայում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։