AM
3 Նոյեմբեր 2020 - 18:16 AMT

Արցախի պետսեկտորի 10 աշխատակից ազատվել է աշխատանքից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով և կառավարության որոշումներով նոյեմբերի 3-ին աշխատանքից ազատվել է պետական սեկտորում աշխատող 10 պաշտոնյա և աշխատակից։

Ազատվածներն են նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, Վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը։ Բացի այդ, վաղաժամկետ դադարեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները:

Աշխատանքից հեռացվել են նաև աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Արկադի Սողոմոնյանը, քաղաքաշինության փոխնախարար Դավիթ Ավանեսյանը, կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Հայրապետյանը, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի օգնական Արտակ Առստամյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։