Նոյեմբերի 3-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը վարձկանների ու ավազակախմբերի հետ շարունակել են զինված գործողությունները, հարավային ուղղությամբ մի շարք գյուղերում շարունակվել են նաև դիվերսիոն հարձակումները, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ մարտերը շատ սաստիկ ու ծանր չեն եղել, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս նույնիսկ բնագծերի փոփոխություն է արվում։
«Վաղ առավոտյան Մարտունուց հարավ զրահատեխնիկայի, օդուժի աջակցությամբ փորձել են հարձակում կատարել, հետ են շպրտվել, այդ ուղղությամբ ամբողջ օրը հրետանային կրակով շարունակել ենք թշնամու ոչնչացումը»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը։
Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի ցամաքային զորքերը լուրջ կորուստներ ունեն, հետևակի ու զրահատեխնիկայի մասով այլևս գոյութույն չունի, և այժմ տարբեր տեղերից մնացորդներ են հավաքում ու փորձում հարձակվել։
Անդրադառնալով Հայաստանի հարավային Դավիթ Բեկ գյուղում իրավիճակին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ այս պահին համեմատաբար հանգիստ է։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






