Ուկրաինայի հայերի միությունը շարունակում է օգնությունն Արցախին՝ Երևան է հասել 5 բեռնատար (100 տոննա) բեռ։ Առաջիկայում Հայաստան կուղարկվի ևս 40 տոննա հումանիտար բեռ։ Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, գրում է AnalitikaUA-ը։
Արդեն իսկ ՀՀ են առաքվել շտապ օգնության մեքենաներ, ամենագնաց ռեանիմոբիլներ, գեներատորներ, բուժսարքավորումներ, սննդամթերք, առաջին օգնության պարագաներ, հագուստ, հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված սայլակներ և շինանյութ։
«Ամեն օր Ուկրաինայի հայերի ջանքերով ավելի քան 2500 մարդ ապահովվում է սնունդով և անհրաժեշտ պարագաներով»,- ասել է Հարությունյանը։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում աշխատում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբերը, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






