AM
6 Նոյեմբեր 2020 - 18:37 AMT

ՊՆ․ Շուշիի ճանապարհներին թշնամական դիեր են, ծանր մարտեր են եղել, պատվով ենք դուրս եկել

2 օր է չեն դադարում մարտերը Շուշիի մերձակայքում, նոյեմբերի 5-6-ին դրանք բավականին ծանր են եղել, քաղաք տանող ճանապարհներին ադրբեջանական ուժերը ջախջախվել են, տասնյակներից մինչև հարյուրավոր թշնամական դիեր կան քաղաքի ճանապարհներին, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը շարունակվում է, բայց մարտերի ուժգնությունը թուլացել է։

«Ինձ զանգում են և ասում, թե ողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն չէր աշխատել։ Շուշիի պաշտպանական օպերացիան, չեմ կարող ասել, որ ավարտված է, մարտերը շարունակվում են, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից և դրությունը փոխված է։ Վաղը դժվար նույն իրավիճակը լինի, բայց ծանր մարտեր են»,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական հրետանին թշնամու հրետանուն պարտության է մատնել։

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե 1992 թվականը մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս օրերը պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության օրեր։

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Շուշի եկող ուժերին ջախջախել են նաև քարինտակցիները, այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերն էլ ադրբեջանցիներին օգնության եկողներին են ջախջախել։

Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշել է, որ Ադրբեջանի օգտին աշխատում է ողջ Թուրքիան։

«Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարում հասկացություն չկա, կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում»,-նշել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։