AM
18 July 2002 - 19:11 AMT

ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՍՏԱՏԵՑ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ ԱՄՆ Սենատի օտարերկրյա հատկացումների կոմիտեն հաստատեց 2003 ֆինանսական տարվա համար Հայաստանին 90 միլիոն դոլարի չափով օգնություն ցուցաբերելու նախագիծը եւ լրացուցիչ 3,75 միլիոն դոլարի հատկացումը Հայաստանի ռազմական կարիքների համար: Ամերիկայի Հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Սենատի կոմիտեն հայտարարել է նաեւ Լեռնային Ղարաբաղին օգնության տրամադրումը շարունակելու մասին: Սենատորները հույս են հայտնել որ 1998 թվականին Լեռնային Ղարաբաղին տրամադրած 20 միլիոն դոլարի օգնությունը կիրացվի մինչեւ 2003 թվականի վերջը եւ որպես մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի եւս 5 միլիոն դոլար: Միեւնույն ժամանակ Սենատի կոմիտեն հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը իր շուտափույթ երկուստեք ընդունելի լուծումը կստանա: Հատկանշական է, որ կոմիտեն կոչ է արել Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը եւ ուսումնասիրել թուրքական Ղարս եւ հայկական Գյումրի քաղաքների միջեւ երկաթուղային կապի հաստատման հնարավորությունը` ավելացնելով, որ նման գործողությունները կնպաստեն Թուրքիայի եւ Հայաստանի տնտեսական կապերի զարգացմանը: