Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը որպես բողոքի նշան պատերազմի դադարեցման պայմանների վերաբերյալ ՀՀ և Արցախի ղեկավարության որոշման դեմ դադարեցնում է իր լիազորություններն այդ պաշտոնում։
Նա նաև հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում' ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ»,-ասվում է նրա գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ընթերցեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը






