AM
11 Նոյեմբեր 2020 - 05:55 AMT

Զախարովա․ ԼՂ-ում զինադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնն Ադրբեջանի տարածքում է լինելու

Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների դադարեցման պահպանումը վերահսկող ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում և կապ չունի խաղաղապահ ջանքերի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։

«ՌԴ ԱԳՆ վրա հղումով տեղեկություն է հայտնվել Թուրքիայի հետ երկկողմ կենտրոնի ստեղծման մասին, որը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում։ Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ խոսքը ոչ թե խաղաղարար ջանքերի մասին է, որոնք նկարագրված են հայտարարության մեջ, այլ բոլորովին այլ առաքելության, համատեղ ջանքերի այլ հատվածի մասին։ Դա պետք է իրարից անջատ դիտարկել, դրանք տարբեր բաներ են»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են ոչ միայն ռուս, այլև թուրք խաղաղապահներ։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծում միայն ռուս խաղաղապահներ են տեղակայվելու։

Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել էր, որ խաղաղապահ առաքելությունը ԼՂ հակամարտության գոտում ռուսական է, «հնարավոր է միայն գործողությունների որոշ տարրերի համաձայնեցում Թուրքիայի հետ»։ Նա հավելել էր, որ անտեսել Թուրքիայի ներկայության փաստն Ադրբեջանում և ԼՂ շուրջ հնարավոր չէ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: