ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընտանիքի հետ շարունակելու է բնակվել ու արարել իր հայրենի հողում:
«Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով… Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար:
Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ իմ մեծ հիասթափությունից, ես շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով: Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու մեր նախորդ ու հաջորդ սերունդներին»,-ասվում է գրառման մեջ:
Բեգլարյանը հավելել է, որ խելացի, համատեղ ու հետևողական ջանքերի միջոցով կարելի է հասնել ցանկացած նպատակի, առավել ևս, երբ այն ազնիվ ու արդար է։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






