ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունը, սպասում է դրա իրականացման մանրամասներին և ուրախ կլինի, եթե բռնությունը դադարի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
«Մենք ի գիտություն ենք ընդունել ՌԴ միջնորդությամբ ԼՂ-ում մարտական պայմանավորվածությունը և շահագրգիռ կլինենք ավելին իմանալու մանրամասների և պայմանավորվածության իրականացման պլանների մասին՝ դրանց ուրվագծվելուն զուգընթաց»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվել է, որ ԱՄՆ-ն ուրախ կլինի տեսնել բռնության ավարտը, սակայն դեռևս չի կարող մեկնաբանել հրադադարի մանրամասները կամ հետագա քայլերը։
«Այն մասին, թե ինչպես են կողմերն ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է նրանց հարցնել»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե դատապարտել է բռնության աճը շփման գծում և մարդկային զոհերը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






