AM
11 Նոյեմբեր 2020 - 08:44 AMT

Կասպարով․ Լրացուցիչ նվաստացում է, որ Թուրքիայի տրիումֆը ռուս խաղաղապահներն են սպասարկելու

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, անդրադառնալով ԼՂ-ում զինադադարի մասին եռակողմ պայմանավորվածությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լրացուցիչ նվաստացում է, որ Թուրքիայի տրիումֆն այդ տարածաշրջանում ռուս խաղաղապահներն են սպասարկելու։

«Զարմացած եմ, որ շատ մեկնաբաններ խոսում են Պուտինի «հսկայական աշխարհաքաղաքական հաղթանակի» մասին՝ նշելով ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում որպես ՌԴ ազդեցության աճ Կովկասում։ Ոչ մի բան չի կարող նույնքան հեռու լինել իրականությունից, քանի որ իրողությունը ճիշտ հակառակն է։ Սա Ռուսաստանի ջախջախիչ աշխարհաքաղաքական պարտությունն է՝ նա, փաստացի, կորցնում է ազդեցությունը Կովկասում»,-ասված է գրառման մեջ։

«Այն, ինչ մնում է ՀՀ հետ համաձայնագրով, նախկին Լեռնային Ղարաբաղի կրճոններն են։ Կարծում եմ, որ այդ կազմավորումն էլ, որը դժվար թե երկարաժամկետ լինի, մնացել է միայն այն պատճառով, որ Թուրքիան ստանոմ է իր պատմական երազանքը, այն է՝ ցամաքային կապ Ադրբեջանի հետ։ Նախկինում Իրանի համաձայնությունն էր պետք ցանկացած փոխադրումների համար, քանի որ ՀՀ տարածքն Ադրբեջանի և Թուրքիայի համար փակ էր։ Սա է գլխավոր արդյունքն Էրդողանի տեսակետից։

Ճիշտ է՝ դա կմնա որպես ՀՀ տարածք։ Սակայն, Լաչինի միջանցքը, որը «ողորմաբար» թողնում են ՀՀ-ին, երաշխավորում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման համար ոչ մի խնդիր չի լինի։ Եվ դա նշանակում է, որ Թուրքիան ակտիվ մուտք է գործում տարածաշրջան»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: