Նոյեմբերի 11-ի լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ:
ԱՀ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը:
Դեպքի վայրում աշխատանքներին հետևել է նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






