Ներկայումս հայկական ու ադրբեջանական կողմերը դադարեցրել են մարտական գործողությունները։ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կանգնած են իրենց զբաղեցրած բնագծերում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկին։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական առաքելության համար կկիրառվի բանակի ավիացիա և անօդաչու թռչող սարքերի համալիրներ։ Այս պահի դրությամբ ռուս խաղաղապահները վերցրել են Լաչինի միջանցքի և ճանապարհի մի մասի վերահսկողությունը։
Ըստ զինվորականի՝ Էրեբունի օդանավակայանից 300 կմ մարշով շարժվել են և կենտրոնացել Գորիսում։ Անօդաչուները կիրառվելու են ԼՂ-ում իրավիճակին հետևելու համար։
Ռուդսկին ասել է, որ ստեղծվելու է 16 դիտակետ: 24 ժամում ՌԴ-ից 27 թռիչք է կատարվել: Տեղափոխել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքերի 2 համալիր։ Գրեթե բոլոր խաղաղապահներն ունեն փորձ Սիրիայում, կան նաև ռազմական ոստիկաններ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ երթուղիների համաձայնեցումից հետո ռուս խաղաղապահները երթով կշարժվեն դեպի խաղաղապահ առաջադրանքների կատարման շրջաններ։
Ղարաբաղում կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:
Կողմերի ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար նախատեսվում է դիտակետեր ստեղծել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Պայմանագրի 5-րդ կետով սահմանվում է, որ ստեղծվելու է կրակի դադարը վերահսկող խաղաղապահական կենտրոն, որի նպատակը հակամարտության կողմերից պայմանավորվածությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելն է։
Նշվում է նաև, որ խաղաղապահական կոնտինգենտը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ, ԼՂ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ կապող միջանցքով: Դրանք Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են 5 տարով, հետագայում 5-ական տարի երկարացման հնարավորությամբ։






