AM
11 Նոյեմբեր 2020 - 15:30 AMT

ԱՀ նախագահ․ Կամավորականների մի մասը խուճապահար փախչել է, 18 տարեկաններին մենակ ենք թողել

Պատերազմի օրերին կամավորականների մի մասը, զորքի մի մասը խուճապահար փախչում էր, Արցախում չկար զորք, որ թիկունքը պահեր, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն առաջին անգամ ահազանգել է այդ մասին հոկտեմբերի 3-ին, երբ հյուսիսում Մատաղիսը և Թալիշը գրավված էին, Եղնիկներում զորքի մի մասը խուճապահար փախչում էր։

Հարությունյանն արցախցիներին կոչ է արել Երևանի փողոցներում ցույցերի չմասնակցել՝ առաջարկելով հետ գնալ Ղարաբաղ։ Նա հավաստիացրել է, որ կան բոլոր ռեսուրսները, որ արցախաբնակները սոցիալական խնդիրներ չունենան։

«Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնային, մեր ամենաուժեղ ստորաբաժանումները հրաժարվել են գնալ։ Կհարցնեք ՀՀ ազգային անվտանգության ծառայության ամենաէլիտար ստորաբաժանումներին՝ ինչպես են մերժել խնդրանքս։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ ձեր առջև ես եմ գնալու, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ։ Արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ»,-հայտարարել է նա ու հավելել, որ Եղնիկներում դիրքերը, այնուամենայնիվ, պաշտպանվել են՝ շնորհիվ միացած սակավաթիվ զորքի։

Հարությունյանի խոսքով՝ զորքին ու 18 տարեկաններին մենակ են թողել, մի մասը բարեխղճորեն կատարել են իրենց խնդրանքը, մի մասը մի օր էլ չի մնացել սահմանում։

Նա հայտնել է, որ գնդապետ Գրիգորի Սահակյանը զեկուցել է, որ հրաժարվում է Շուշիի պաշտպանման օպերացիայից։

«Դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան, մեր երեխաներին, մեր բալիկներին, բոլորս միասին ենք դավաճանել, այլ դավաճան չփնտրեք։ Հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին մենակ ենք թողել, այդ զինվորները վտանգի տակ էին»,-հայտարարել է նա՝ առաջարկելով դավաճաններ փնտրողներին հարցնել, թե որտեղ են եղել պատերազմի ժամանակ։

Արցախի նախագահի խոսքով՝ չկար Ստեփանակերտը պահող, զորքը շրջափակման մեջ էր, իսկ կռվում էին 18-20 տարեկանները, Ստեփանակերտի մատույցում 200-300 պաշտպանող կար միայն և քաղաքում մնացածներին գերեվարվելու ռիսկ կար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: