AM
12 Նոյեմբեր 2020 - 07:49 AMT

Կոնգրեսական․ Ներկայիս զինադադարն անընդունելի է Արցախի երկարաժամկետ անվտանգության համար

Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված զինադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Նախևառաջ, հակամարտության կայուն լուծման համար բազմաթիվ առանցքային հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։

Այս մասին Twitter-ում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը՝ դրանց լուծման համար ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ անելով անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ հետ։

«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած հետագա բանակցային կարգավորում պետք է ապահովի Արցախի ժողովրդի հնարավորությունը՝ վերականգնելու իրենց համայնքները և կյանքը՝ առանց վախենալու հետագա արյունահեղությունից։ Ներկայիս զինադադարում արտացոլված պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- գրել է նա։

Կոնգրեսականի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի մարդկանց ինքնորոշման իրավունքը և նրանց դերը որպես բանակցողների․ «առանց դրա մենք շարունակելու ենք առերեսվել թուրք-ադրբեջանական հարձակումների»։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը