Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է՝ ակնկալում են, որ Ադրբեջանը խստորեն կկատարի իր ստանձնած պարտավորությունները, իսկ Թուրքիան դուրս կգա հակամարտությունից։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և մարտական գործողություններն անհապաղ և ընդմիշտ կդադարեն։ Ինչպես նախկինում արդեն հայտարարել ենք՝ Թուրքիան պետք է դուրս մնա հակամարտությունից։
Կանադան աշխատում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու ուղղությամբ իր միջազգային գործընկերների հետ։
Ես մշտական կապի մեջ եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ պարզելու, թե ինչպես կարող է Կանադան այս դժվարին ժամանակներում շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդին, ում հետ մեր ժողովուրդն ամուր կապեր և ընդհանուր արժեքներ ունի»,- ասվում է գրառման մեջ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ հայտարարված հրադադարից հետո կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար կողմերը պետք է բանակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում», – նշված է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






