Ֆրանսիայի դեսպանատան դիմաց այդ երկրից օգնություն ակնկալող և խաղաղ ցույց իրականացնող հադրութցիները հանդիպել են դեսպան Ջոնաթան Լաքոթին, փոխանցում է Aysor.am-ը։
«Լարված իրավիճակ է, մենք գիտենք, որ Հադրութի ժողովուրդը ամենատանջված ժողովուրդներից է: Գիտենք, որ ՀՀ-ում իրավիճակը շատ բարդ է, շատ են հարցերը համաձայնագրի հետ կապված, նաև շատ հարցեր մենք ունենք, որովհետև չենք ստորագրել համաձայնագիրը: Մեր առաջնահերթությունն այս հարցում տուժած մարդկանց աջակցելն է», – ասել է դեսպանը՝ նշելով նաև, որ դեսպանատան դռները միշտ բաց են հադրուցիների առաջ՝ ներկայացնելու իրենց խնդիրները։
Հադրութցիները նրան փոխանցել են նամակ՝ խնդրելով լսել և աջակից լինել իրենց, դեսպանն իր հերթին հայտնել է, որ տեղյակ է, որ Հադրութն ամենատուժած տարածքներից է:
Ավելի վաղ Ֆրանսիայից հայտնել էին, որ իրենք ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունն ու կարծում, որ հարցի ցանկացած տևական լուծում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






