AM
12 Նոյեմբեր 2020 - 10:21 AMT

Ուորլիք․ Մադրիդյան սկզբունքներով կարգավորումն ավելի շահավետ էր ՀՀ-ին, քան ներկայիս գործարքը

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության լավագույն լուծումը միջազգային ուժերն են, որոնցում չեն մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ԼՂ հարևան երկրները։ Այս մասին թվիթերյան իր էջում գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով, որ կողմերը պետք է սկսեն աշխատել խաղաղության վրա, որը չի երաշխավորվում միայն Մոսկվայի կողմից։

Նրա խոսքով՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցային կարգավորումն ավելի կծառայեր Հայաստանի շահերին, քան ներկայիս գործարքը։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը