AM
12 Նոյեմբեր 2020 - 11:44 AMT

Լավրով․ ԼՂ կարգավիճակը կորոշվի՝ կախված ազգային և կրոնական հաշտության հատատումից

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին համաձայնությանը, հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակի որոշումը կախված կլինի ազգային և կրոնական հաշտության հատատումից այդ տարածաշրջանում։

«Մենք ելնում ենք նրանից, որ կարգավիճակը կորոշվի կախված այն գործողություններից, որոնք մենք կձեռնարկենք՝ վերականգնելու համար ազգային և դավանական հաշտությունը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նախարարի՝ «այստեղ ոչ մի արհեստական ժամկետ չի դրվելու»։

ՌԴ ԱԳ նախարարն ասել է նաև, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում փախստականների վերադարձի համար։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: