ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե կյանքի կոչվեին ավելի վաղ, այդ թվում՝ Ռուսաստանի առաջարկած կարգավորման բանաձևերը։
Նա հայտարարել է՝ Բաքուն, Թուրքիայի աջակցությամբ, հայտարարեց, որ հնարավոր է համարում հարցի ռազմական լուծումը և ռազմական գործողություն սկսեց։
«Դրանք նախորդել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այդ թվում՝ ՌԴ-ի, կարգավորման բանաձևեր առաջարկելու փորձերը։ Այդ բանաձևերը գոյություն ունեին․ լավ հայտնի են բանակցային գործընթացի մասնակիցներին, սակայն, ցավոք, չաշխատեցին։ Այս կամ այն պատճառով»,- ասել է Պեսկովը RT-ին հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա՝ եթե այդ «բանաձևերը կյանքի կոչվեին նույնիսկ 2 տարի առաջ, հավանաբար, այս արյունահեղ պատերազմը չէր լինի և հնարավոր կլիներ խուսափել հազարավոր երիտասարդ հայերի և ադրբեջանցիների կորուստից»։
Պեսկովը շեշտել է, որ համանախագահող բոլոր երկրները չէին կիսում Բաքվի մոտեցումը և փաստարկված պնդում էին, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը քաղաքական դիվանագիտականն է։
«Փորձում էինք դրան ուղղորդել Ալիևին։ Գիտեք, որ բավականին օպերատիվ եղավ 3 նախագահի՝ Վլադիմիր Պուտինի, (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփի և (Ֆրանսիայի ղեկավար) Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունը։ Առանձին ջանքեր գործադրեց Ֆրանսիան, առանձին՝ ԱՄՆ-ն։ Սակայն ընդհանուր ջանքերի համատեքստում։ Սա ևս նպաստեց կոնսենսուսին հասնելուն»,-ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել էր, որ կարելի էր խուսափել արյունահեղությունից՝ համաձայնվելով 5 և հետո ևս 2 շրջանների հանձնմանը։ «Պատրանքներ չպետք է լինեին, թե ԼՂ շուրջ 7 շրջանը պետք է առհավետ նույն վիճակում մնային, ինչ մեկ-երկու ամիս առաջ։ Կարծում եմ, որ պատասխանատու իշխանությունները պետք է պարզաբանեին բնակչությանը, որ կարգավորման ինչ-որ փուլում հարկ կլինի կյանքի կոչել այն սկզբունքները, որոնք տարիներ շարունակ եղել են բանակցությունների սեղանին, առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, և, ըստ իս, իդեալական ճանապարհ էին առանց արյունահեղության այդ հարցը կարգավորելու համար՝ առանց վտանգելու որևէ մեկի անվտանգությունը, առաջին հերթին, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հայերի և այնտեղ ապրող այլ էթնիկ խմբերի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների անվտանգությունը»։






