Նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ընդունել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:
Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր»,-ասվում է գրառման մեջ։
ԱՀ աշխատանքի և սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն իր հերթին հայտարարել է, որ ԱՀ քաղաքացիներին խնդրում են չառաջնորդվել այն սկզբունքով, որ պարտադիր պետք է տեղավորվել Երևանում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






