AM
16 Նոյեմբեր 2020 - 06:10 AMT

Հարությունյան․ Շուշիի մատույցներից մոտ 150 հայ զինծառայողի մարմին է հանվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Շուշիի մատույցներից մոտ 150 հայ զինծառայողի մարմին է հանվել։

«Իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած մոտ 150 հայ զինծառայողների մարմինները, ամեն մեկը՝ մեկ օջախի և ամբողջ Հայրենիքի ճրագ:

Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ: Այս օրերին ես ինքս մեծ ժամանակ եմ տրամադրում զոհերի ու անհայտ կորածների հարազատներին՝ իրենց ցավը սփոփելով և համատեղ փնտրելով մեր նահատակ եղբայրներին»,-ասվում է գրառման մեջ:

Նա նաև իր խիստ անհանգստությունն է հայտնել ՀՀ-ում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ՝ բոլորից ակնկալելով ու պահանջելով քաղաքակիրթ երկխոսություն։

Ընդհանուր առմամբ, հայկական կողմից հայտնի է 1434 զոհի անուն։ Հոկտեմբերի 14-ին առողջապահության նախարարությունից հայտարարել էին, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ։