Արցախում հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, Գորիս-Շուշի ճանապարհահատվածում 10 քաղաքացի է անհետ կորել։
ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել` ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապահին անհետ կորած 10 քաղաքացու կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: Այդ մասին ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատել էր 4 քաղաքացիական անձի գերեվարվելու մասին շրջանառվող լուրերը։ Ադրբեջանական կողմը տեսանյութեր ու նկարներ էր տարածել։
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






