AM
17 Նոյեմբեր 2020 - 07:46 AMT

«Ղարաբաղ կարպետում» 2 ամիս աշխատավարձ չեն ստացել․ Շուշիում գործված գորգերը 30% զեղչվել են

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայով պայմանավորված, մոտ 2 ամիս է՝ կասեցվել է «Ղարաբաղ կարպետ» ընկերության բնականոն գործունեությունը: Ավելի քան 100 աշխատակից կորցրել է աշխատանքը՝ նրանք 2 ամիս աշխատավարձ չեն ստացել, բնակվում են ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում:

Ընկերության տնօրինությունն աշխատակիցների սոցվիճակի բարելավման նպատակով Երևանում վաճառքի է հանել 20 գորգ՝ գործված Շուշիում, Ստեփանակերտում և Ճարտարում, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է աշխատակիցներին որպես սեպտեմբերի աշխատավարձ: Գորգերը վաճառքի են հանվում գնից 30 տոկոս զեղչով:

«Ընկերության 14 աշխատակից իր ընտանիքներում ունեցել է զոհեր և վիրավորներ: Նահատակվել է ընկերության երկար տարիների աշխատակից, իր պարտականությունների մեջ միշտ համեստ և կարգապահ Արսեն Մարտիրոսյանը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաև Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով: