AM
17 Նոյեմբեր 2020 - 12:03 AMT

Պատերազմի ընթացքում Գանձասարի մատենադարանից ձեռագրերը Երևան են տեղափոխվել

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից ու հրթիռակոծումներից հետո պատմաբանները սկսել են աշխատել հին հայկական ձեռագրերի տեղափոխման վրա, քանի որ դրանք կարող էին հրթիռակոծման հետևանքով վնասվել կամ վանդալիզմի ենթարկվել, փոխանցում է France 24-ը։

Արցախի Գանձասարի մատենադարանից Երևան են տեղափոխվել բազմաթիվ ձեռագրեր, դրանցից որոշները թվագրվում են 13-րդ դարին։

Կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանի խոսքով՝ Շուշիի հրթիռակոծույթուններից հետո իրենք որոշել են ձեռագրերը ժամանակավորապես Երևան տեղափոխել։

Ըստ նրա՝ ձեռագրերը հանվել են ոչ միայն կրակի հետևանքներից խուսափելու, այլև ադրբեջանական կողմից բերված ահաբեկիչների, թուրքական խմբերի՝ հուշարձաններ ոչնչացնելու «միտումի» պատճառով։

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը բացվել է 2015-ի նոյեմբերի 21-ին՝ Գանձասարի եկեղեցու հարևանությամբ։ Այն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղն է։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: